ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության  (ԱՄՆ ՄԶԳ) և Սմիթսոնյան ինստիտուտի համագործակցության շրջանակում Հայաստանում մեկնարկում է նորարական ծրագիր, որը միտված է խթանելու ազգային մշակույթի պահպանումը` երկրում մշակութային զբոսաշրջության զարգացման միջոցով: Ծրագրի պաշտոնական մեկնարկը տեղի ունեցավ նոյեմբերի 20-ին` Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, և Սմիթսոնյան ինստիտուտի Միջազգային կապերի գրասենյակի ավագ խորհրդատու Հալի Բաթվինը: Մոտ հարյուր մասնակիցների շարքում էին ՀՀ կառավարության և պետական կառույցների պաշտոնատար անձինք, գործընկեր կազմակերպությունների, զբոսաշրջության ոլորտի, մասնավոր հատվածի, տեղական և միջազգային կազմակերպությունների, ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող այս քառամյա ծրագրի նպատակն է զարգացնել և ընդլայնել մշակութային զբոսաշրջությունը Հայաստանի մարզերում` հետազոտությունների, գիտական գործունեության, արհեստների սատարման, կարողությունների բարձրացման և տուրիզմի զարգացման հանդեպ ոչ ավանդական մոտեցման կիրառման միջոցով:

«Զբոսաշրջությունը կարող է տնտեսական զարգացման շարժիչ ուժ հանդիսանալ` ստեղծելով նոր աշխատատեղեր հյուրանոցներում և ռեստորաններում, նպաստելով տաքսու վարորդների, հուշանվերներ վաճառողների, տուրիզմի ոլորտի ընկերություններին ապրանքներ ու ծառայություններ մատուցողների բիզնեսի աճին»,- ասաց դեսպան Միլսը – «սակայն, տուրիզմի կողմից ստեղծված եկամուտները լայնորեն տարածելու համար Հայաստանը պետք է Երևանից դուրս խարիսխային տուրիստական վայրեր ձևավորի և կապի դրանք երկրի ամբողջ լայնությամբ ու երկարությամբ ձգվող զբոսաշրջության ցանցին: Այս նոր ծրագիրը մասնագիտական աջակցություն կտրամադրի ստեղծելու նման զբոսաշրջության ցանց, որն այցելուներին կդրդի ճանապարհորդել մայրաքաղաքից դուրս և ավելի շատ գումար ծախսել երկրի մարզերում: Սա հայ ժողովրդի հետ ԱՄՆ դեսպանության համագործակցության բազմաթիվ օրինակներից մեկն է` ուղղված Հայաստանի գյուղական վայրերի տնտեսական զարգացմանը:»

Սմիթսոնյան ինստիտուտը ԱՄՆ ՄԶԳ-ի հետ աշխատելու մեծ փորձ ունի կենսաբազմազանության պահպանության, թանգարանների աշխատուժի կարողությունների զարգացման և զարգացող մշակութային հաստատությունների աջակցությանն ուղղված միջազգային ծրագրերի շրջանակներում: Երկու կազմակերպությունների միջև 2013 թվականին ամրագրված փոխըմբռման հուշագրի ներքո «Իմ Հայաստանը» ծրագիրը ներկայացնում է նոր, գործակցային մոտեցում` երկու կազմակերպությունների համատեղ ուժերով ավելի մեծ արդյունքների հասնելու նպատակով:

# # #

Սմիթսոնյան ինստիտուտի մասին
Սմիթսոնյան ինստիտուտը հիմնադրվել է 1846 թվականին: Այն աշխարհի խոշորագույն թանգարանն ու հետազոտական համալիրն է, որի կազմում են մտնում 19 թանգարաններ և պատկերասրահներ, Ազգային կենդանաբանական այգին և ինը հետազոտական հաստատություններ: Սմիթսոնյան ինստիտուտն ունի 6,400 աշխատակից, այդ թվում մոտ 500 գիտնականներ և ավելի քան 5,500 կամավորներ: 2014 թվականին Սմիթսոնյան հաստատություններ են այցելել աշխարհի մոտ 28 միլիոն մարդ, իսկ Սմիթսոնյան կայքերն արձանագրել են ավելի քան 175 միլիոն այցելություն: Սմիթսոնյան ինստիտուտի պատմական կամ գեղարվեստական արժեք ունեցող իրերի և նմուշների մոտավոր թիվը 138 միլիոն է:Սմիթսոնյանի մասին ավելին իմանալու համար այցելեք http://www.si.edu կայքը: «Իմ Հայաստանը» ծրագրի կոնտակային հասցե` myarmenia@si.edu:

Աղբյուր՝ http://armenian.armenia.usembassy.gov/news112015.html